ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Վարչապետը կարողանո՞ւմ է հարված պահել

Վարչապետը կարողանո՞ւմ  է հարված պահել
07.02.2017 | 00:55

Կարծես կարողանում է: Նախորդ տարվա վերջին իրերի «դասավորությունը», հատկապես տնտեսության վիճակը, Կարեն Կարապետյանի փոքր-ինչ անսպասելի-անհասկանալի անդամակցումը ՀՀԿ-ին, տեսակի անսովորությունը, անկեղծության դոզան, ուրույն-լակոնիկ ոճը, «նոն-ստոպ» ասուլիսները տպավորություն էին թողնում, որ նա շատ արագ կսպառվի ու իշխանությունների, առավել ստույգ, ՀՀԿ «լեգենդը»` ընտրությունների գնալ առանց օդիոզ ֆիգուրների, նախընտրական քարոզարշավը հիմնականում կառուցելով Կարեն Կարապետյանի վրա, օճառի պղպջակի նման հօդս կցնդի` տակը ոչինչ չթողնելով:


Կարծես այդպես չեղավ: Ճիշտ է, իր «ինֆրաստրուկտուրայով» Կարեն Կարապետյանին դասական կուսակցական գործիչ չես համարի: Վերջինս իր ռիտորիկան առավելաբար կառուցում է անմիջականության, մարդկային շփման խարիսխներով, ընդ որում` «խաղը» պահելով լուրջ վերահսկողության և ընդգծված դոզավորման «տակ»… Ձգենք պաուզան, հասկանալու՝ դա փիար տեխնոլոգիա՞ է, թե՞ բնական վիճակ. կարծում ենք` երկուսը միասին. կոստյումը թեթևորեն աթոռին «գցելով», բոլորը նստած, ինքը կանգնած խոսելու յուր «նրբագեղ» մաներայով նա հաստատապես տարբերվում է ոչ միայն բոլոր մնացած վարչապետներից, այլև քաղաքական գործիչներից, սակայն դրանք վաղուց հայտնի փիար «էֆեկտներ» են, բայց և անկեղծ լինելու դեպքում պետք է խոստովանել, որ նրան հաջողվում է:
Արտաքին «էֆեկտներից» անցնենք բուն խնդիրներին: Հարց. Կարեն Կարապետյանը երկրո՞րդ շնչառության գործիչ է: Նախկինում՝ կարծես ոչ (նա դուրս էր եկել քաղաքապետարանից և չէր վերադարձել): Իսկ այսօ՞ր: Նրա շնչառությունը բացվեց վերջերս. երկու տրիվիալ պատճառով՝ քաղաքական և տնտեսական:


Որքան էլ տարօրինակ թվա, քաղաքականում նրան ավելի շատ օգնեց ոչ թե Սերժ Սարգսյանը` յուր «բարձրաձայնումով.
ա) ընտրություններում ՀՀԿ-ի հաջողելու դեպքում Կարեն Կարապետյանը կմնա վարչապետ նաև 2017-ին:
բ) Նա կդառնա ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ինչն իր հերթին նշանակում է՝ եթե Սերժ Սարգսյանը բացակայում է երկրից, նրան փոխարինում է նորագիր ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանը: Եվ ոչ այլ ոք: Ինչն էլ, այո՜, ահավոր ցավեցրեց շատերին` նույն ՀՀԿ-ում:
Եվ որքան էլ պարադոքսալ թվա, Կարեն Կարապետյանի քաղաքական «վերհառնումին» անչափ օգնեց Հովիկ Աբրահամյանը՝ «հարված չպահելու», թույլ տված ապահաշվարկների պատճառով: Այդ թվում` մոսկովյան յուր այցով, Մեդվեդևի հետ հանդիպմամբ, որին ի շարունակություն մեկ-երկու օր հետո վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով մեկնեց Ռուսաստան. հիշենք, որ տասը տարուց ավելի հայաստանյան որևէ վարչապետ նման բարձր այցով չէր եղել Մոսկվայում:


Մոսկովյան այցի դեֆակտո նշանակությունն անգամ այդ չէր: Այցի ընթացքում լուծում գտավ Հայաստանին, անշուշտ, նաև Կարեն Կարապետյանին հուզող գլխավոր հարցը. վերջինիս սեպտեմբերյան նշանակումից ի վեր Հայաստանում որևէ լուրջ ներդրման մասին խոսք չէր եղել, թեև սպասումներն այդ առումով անչափ մեծ էին, և զուր չէր, որ քաղաքական կուլիսներում արդեն իսկ շեշտադրում էին. «Կարենը տնտեսությունը կգցի ոտքին ու մինչև ապրիլ չի ձգի»: Այսպիսով, մոսկովյան այցի ընթացքում մի քանի մակարդակներում արվեցին հավաստիացումներ, որ եկել է «անկեղծության պահը», ինչի արդյունքում 300 միլիոն դոլարից ավելի ներդրում կանի ոչ անհայտ հայ գործարար Սամվել Կարապետյանը, նրանից հետ չեն մնա ռուսաստանաբնակ երեսուն հայ գործարարներ ևս, ինչպես նաև Հայ-ռուսական ներդրումային հիմնադրամը: Ընդհանուր թվով, խոսքը, ինչպես օրերս տեղեկացրեց Կարեն Կարապետյանը, 2,4 միլիարդ դոլարի մասին է, որից 850 մլն-ը կլինի առաջիկայում, որպես ուղղակի ներդրում: Համեմատության համար նշենք, որ 2016-ին ներդրումների ծավալը չի գերազանցել 160-200 միլիոնի սահմանը:
Ասել է` նման թվերը կարող են ՀՀ «անկյալ» տնտեսության համար լուրջ բեկում ապահովել: Աչքներս տեսնի:


ՈՒ թե սրան էլ հավելում ենք օրումեջ Գյումրի փութացող, պատմական Կումայրին լրջորեն արժևորող, ընդդիմադիր քաղաքում իր անձնական միջոցներից (5 հարյուր հազար դոլար) «դիլխորներին» «անտիդիլխոր-դոպինգի» ենթարկող, 10-միլիոնանոց հիմադրամի հիմնարկեքը կատարած Կարեն Կարապետյանի «անդուլ ջանքը», ապա կարելի է և ֆիքսել.
-Ինչ-որ բան նրան կարծես թե հաջողվում է:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2245

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ